BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ջեյմս Կոմին Թրամփին մեղադրեց ստի ու զրպարտության մեջ

Ջեյմս Կոմին Թրամփին մեղադրեց ստի ու զրպարտության մեջ
09.06.2017 | 13:13

ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նիստում նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրեց իր գերատեսչության վերաբերյալ ստի և զրպարտության մեջ: Նրա խոսքով՝ Թրամփի բացատրություններն իր պաշտոնանկության պատճառների վերաբերյալ իրեն շփոթեցրին, որովհետև նախագահը իրեն վստահեցնում էր, որ հիանալի է կատարում իր աշխատանքը:

«Ինձ շատ զարմացրեց, երբ ես հեռուստալուրերից իմացա, որ նախագահն ինձ աշխատանքից ազատել է Ռուսաստանի հետ կապված հետաքննության պատճառով»՝ ասաց նա: Կոմին ընդգծեց, որ Թրամփը զրպարտել է ՀԴԲ-ին և իրեն՝ պնդելով, որ կառույցը չի կարողանում իր աշխատանքը կատարել. «Դա սուտ էր, ուղիղ ու պարզ սուտ»:
Մայիսի 10-ին Թրամփը Ջեյմս Կոմիին պաշտոնանկեց ՀԴԲ-ի տնօրենի աշխատանքից՝ հայտարարելով «նա ի վիճակի չէ արդյունավետ ղեկավարել բյուրոն»: Թրամփի քննադատները ենթադրեցին, որ Կոմիի պաշտոնանկությունը առնչվում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությանը: Հինգշաբթի օրվա լսումներում Ջեյմս Կոմին ընդգծեց, որ իր պաշտոնանկությունը իրոք կապված էր այդ հետաքննության հետ:

«Այո, ես այդպես եմ կարծում, որովհետև տեսել եմ՝ ինչ էր ասում նախագահը հեռուստատեսությամբ»՝ ասաց նա: Նա նաև ասաց, որ Թրամփի հետ խոսակցություններից հետո սկսել է գրառել զրույցները, որովհետև նախազգացում է ունեցել, որ հետո կարող է օգտագործել «ոչ միայն իր, այլև ՀԴԲ-ի պաշտպանության համար»: Լսումներում Կոմին նաև պատմել է, որ «նվազագույնը մի քանի հարյուր, իսկ գուցե հազարավոր» կազմակերպություններ ԱՄՆ-ում ենթարկվել են ռուս հաքերների հարձակմանը ընտրարշավի ընթացքում»: Հաքերային հարձակումների կոնկրետ օրինակներ Կոմին չնշեց: Կոմիի ներածական խոսքը հրապարակվել էր լսումների նախօրեին: Այդ խոսքի համաձայն՝ ՀԴԲ-ի նախկին տնօրենը ցուցմունք կտա, որ նախագահը խնդրել է դադարեցնել հետաքննությունը ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի պաշտոնանկության հարցով: Կոմին ասում է, որ Թրամփը Ռուսաստանի հետ իր կապերի հետաքննությունն անվանել է «իր վրա կախված ամպ»:
BBC


Հ.Գ. Դեռ պաշտոնանկությունից առաջ Ջեյմս Կոմին երեք անգամ Թրամփին ասել է, որ նա ՀԴԲ-ի դիտարկման տակ չէ, որի մասին հրապարակավ հայտարարել է և ԱՄՆ նախագահը: Կոմիի՝ չորեքշաբթի երեկոյան հրապարակված ելույթը կարդալով՝ Թրամփի մասնավոր իրավաբանական խորհրդատու Մարկ Կասովիցը ասել է, որ գոհ է՝ Կոմին հաստատել է, որ նախագահը քննիչների թիրախում չէ: «Նախագահն իրեն զգում է ամբողջությամբ և լիակատար վերականգնված»՝ ասել է փաստաբանը: Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը ավել վաղ սենատորներին ասել էին, որ երբեք ճնշում չեն զգացել Սպիտակ տան կողմից որևէ անօրինական գործողություն կատարելու համար:


Կոմիի ելույթը յոթ էջ է, նա պատմում է, որ նախագահի հետ իր առաջին հանդիպումը հունվարի 6-ին էր Թրամփ թաուերի մամլո սրահում, որտեղ Կոմին նրան տեղեկացրել է «անվայելուչ և չստուգված» կասկածների մասին: Նախագահի դոսյեում, որ կազմել է բրիտանական հետախուզության նախկին սպան, ասվում էր, որ ռուսական հատուկ ծառայությունները Թրամփին վարկաբեկող նյութեր ունեն, այդ թվում՝ տեսագրություն Մոսկվայի հյուրանոցում թեթևաբարո կանանց հետ նրա շփումների վերաբերյալ: Կոմին վկայում է, որ նախագահը «իր արգահատանքն արտահայտեց այդ մեղադրանքների վերաբերյալ և կտրականապես հերքեց» հաջորդ հանդիպմանը, որ տեղի է ունեցել հունվարի 27-ին Սպիտակ տանն ընթրիքի ժամանակ, որին ներկա են եղել միայն ինքն ու Թրամփը: Այդ երեկո նա «շատ անհարմար խոսակցություն» է ունեցել նախագահի հետ: Թեպետ իր ցուցմունքներում Կոմին նախագահին լավագույն լույսով չի ներկայացնում, արդարադատությանը խոչընդոտելու ուղղակի մեղադրանքներ չկան: Ջեյմս Կոմիի հայտարարությունների մեծ մասը ուղղակի հակասում է իրենց հանդիպումների Թրամփի վարկածներին: Ստացվում է դասական իրավիճակ՝ իմ խոսքը քո խոսքի դեմ: Վերջին հարցումներով՝ ԱՄՆ-ի հասարակությունը ավելի շատ վստահում է պաշտոնանկված Կոմիին, քան նախագահին: Եթե Կոմիի ելույթից հետո Թրամփը նորից նրա վրա հարձակվի իր «Թվիթերում», դա ավելի մեծ ազդեցություն կունենա հասարակական կարծիքի վրա: Կոմիի խոսքով՝ Սպիտակ տան Կանաչ սենյակում ընթրիքի ժամանակ Թրամփն իրեն հարցրել է՝ ուզո՞ւմ է մնալ իր պաշտոնում: Կոմիին դա տարօրինակ է թվացել, որովհետև մինչ այդ Թրամփը երկու անգամ ասել է, որ հույս ունի՝ նա չի հեռանա: Այդ խոսակցությունը նրան տագնապ է ներշնչել, որ նախագահը փորձում է «ստեղծել ինչ-որ հովանավորչական հարաբերություններ»:


«Մի քանի վայրկյան անց նախագահն ասաց. «Ինձ նվիրվածություն է պետք, ես նվիրվածություն եմ սպասում,- հաստատում է Կոմին: - Անհարմար դադարի մեջ ես չշարժվեցի, ոչ մի բառ չասացի և չփոխեցի դեմքիս արտահայտությունը: Մենք պարզապես լուռ նայում էինք իրար»: Սպիտակ տանը փետրվարի 14-ին հավաքվել են հետախուզության ղեկավարները, հանդիպումից հետո նախագահը Կոմիին խնդրել է մնալ և Օվալաձև աշխատասենյակում նրան ասել է. «ՈՒզում եմ Մայքլ Ֆլինի մասին խոսել»: Ֆլինը հրաժարական տվեց փետրվարին, ընդունելով, որ ղեկավարությանն ապատեղեկացրել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների մասին: Թրամփը ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի հրաժարականն ընդունեց նշանակումից 24 օր անց: Կոմին հաստատում է, որ Թրամփն իրեն ասել է. «Ես հույս ունեմ, որ դուք հստակ տեսնում եք այդ հետաքննությունը ու Ֆլինին հանգիստ թողնելու հնարավորությունը: Նա լավ տղա է»: ՀԴԲ-ի նախկին տնօրենը նախագահին երաշխիքներ չի տվել այդ հարցում:
Նախագահ Բարաք Օբամայի հետ իրենց պաշտոնավարման համատեղ երեք տարիներին Կոմին նրա հետ խոսել է միայն երկու անգամ, Թրամփի ու իր համատեղ պաշտոնավարման չորս ամիսներին նրանք ինը զրույց են ունեցել՝ երեք անձնական հանդիպում և վեց հեռախոսազրույց:

Ջեյմս Կոմին էլ պատասխանեց սենատորների հարցերին, բայց Թրամփի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ մշուշի մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ